Ապրիլի 22-24-ին Ղազախստանի բոլոր 14 հայկական համայնքներում անցկացվել են 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ:

Ալմաթիում գտնվող հայկական «Լույս» կենտրոնի տարածքում գտնվող խաչքարի մոտ ծաղկեպսակներ են դրվել, իսկ Սուրբ Կարապետ եկեղեցում անցկացվել է հոգեհանգստյան պատարագ:

Կարագանդա քաղաքի մոտ գտնվող Սպասկի հուշահամալիրում գտնվող հայկական խաչքարի կոթողի մոտ մերձակա քաղաքներից եւ գյուղերից եկած ղազախստանահայերը պսակներ եւ ծաղիկներ են դրել, ինչպես նաեւ լռության րոպեով հարգել են Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը:

Հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել նաեւ Աստանայում, Ակտոբեում, Կոստանայում, Օզկեմենում եւ Ղազախստանի այլ քաղաքներում:

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումներ են անցկացվել նաեւ Բիշկեքում՝ Ղրղըզստանի հայ համայնքի մասնակցությամբ: