ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շարունակել է «բերան փակելու» Անկարայի քաղաքականությունը, որպեսզի իր վարչակազմը չճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ։

«Նա հրապարակայնորեն հետ քաշվեց Թուրքիայի ճնշման տակ, թեեւ խոստացել էր ճանաչել հանցագործությունը»,- մեկնաբանելով Օբամայի ելույթը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ՝ հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

«Թուրքիայի կողմից ճշմարտությունը հերքելուն եւ արդարադատության հաստատմանը խոչընդոտելուն Օբամայի հանցակցությունը արգելք չի դառնա հայ ժողովրդի դեմ իրականացված եւ դեռեւս անպատիժ մնացած հանցագործությունների՝ ճշմարիտ, արդար ու համընդհանուր միջազգային ճանաչման ճանապարհին»,- հայտարարել է նա:

Նշենք, որ հայերին ուղղված իր դիմումի մեջ Օբաման կրկին չի արտասանել «ցեղասպանություն» բառը՝ սահմանափակվելով «Մեծ Եղեռն» եզրով։