Էթիկայի հարցերով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի վերաբերյալ, որպեսզի քննի նրա վարքը։ Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Էթիկայի հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը։

Նա դիմումի վերաբերյալ մանրամասներ չնշեց, բայց տեղեկացրեց, որ այն ստացվել է Երեւանում Մոսկվայի տան տնօրենից եւ նշվում է, թե պատգամավորը վերջինիս հետ կոպիտ է խոսել, պատգամավորը կնոջն ու պաշտոնյային ոչ վայելուչ պահվածք ու ագրեսիա է դրսեւորել, անգամ հայհոյախառն արտահայտություններ օգտագործել եւ սպառնացել:

Թե ինչ միջադեպ է եղել երիտասարդ պատգամավորուհու եւ Մոսկվայի տան տնօրենի միջեւ, Նաիրա Կարապետյանը եւս չմանրամասնեց։ Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Շատ ցավում եմ, որ նման պաշտոն զբաղեցնող կինը զբաղվում է ապատեղեկատվություն եւ սադրանք տարածելով, սակայն նաեւ ուրախ եմ, որ նա այնուամենայնիվ դիմել է ոչ թե այն ոճին եւ տոնայնությանը, որով ինձ հետ էր խոսում, այլ՝ էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովն է այն մարմինը, որը կոչված է նման իրավիճակները պարզաբանելու եւ հանրությանը իրականությունը ներկայացնելու:

Ըստ Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի՝ Էթիկայի հանձնաժողովի հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց: Կարծում եմ, սա հենց այն դեպքն է, երբ ես կառաջարկեմ անցկացնել նիստը դռնբաց, որպեսզի բոլորին պարզ լինի իրական պատկերը»: Կարապետյանը խոստացավ ԵԽԽՎ նստաշրջանից վերադառնալուց հետո ավելի մանրամասն խոսել միջադեպի մասին։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am