Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը լրատվամիջոցներին «մեկնաբանություններ» են տրամադրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Գագիկ Ծառուկյանի հետ կատարված «միջադեպի» կապակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Միջադեպ» ասվածն այն է, որ ծառայություն կատարող ոստիկանները պարոն Ծառուկյանին եւ նրան ուղեկցող անձանց հուշել են համալիրի տարածքում տեղաշարժի նախատեսված ուղին: Ընդամե´նը: Եվ ըստ երեւույթին «միջադեպի» մասնակիցների մտքով իսկ չի անցել, որ «միջադեպ» է տեղի ունենում: Համենայնդեպս, պարոն Ծառուկյանը նման խնդրով ոստիկանություն չի դիմել: Խնդիրը միանգամայն այլ հարթությունում է:
Հասկանալով նախընտրական փուլի «առանձնահատկությունները»` Նաիրա Զոհրաբյանին ու Տիգրան Ուրիխանյանին կրկին հիշեցնում ենք, որ ոստիկանները կատարում են իրենց գործառույթները եւ ինչպես բոլոր զանգվածային միջոցառումների ժամանակ, Ծիծեռնակաբերդում էլ պահպանել են հասարակական կարգը:
Հիշեցնում ենք նաեւ, որ ոստիկանությունը վերկուսակցական եւ վերքաղաքական կառույց է, եւ չփորձեք քաղաքական գործընթացների մեջ ներքաշել: Նախընտրական քարոզարշավի համար առավել հարմար թեմա գտեք: Իսկ ինչ վերաբերում է այս գործիչների` ոստիկանության ծառայողներին տրված գնահատականներին, ապա խիստ կասկածում ենք, թե նրանք տիրապետում են համապատասխան մասնագիտական գիտելիքների, որպեսզի գնահատեն ոստիկանության ծառայողի աշխատանքը: Կոչ եմ անում նաեւ զերծ մնալ բնորոշումներ տալուց»,-գրել է Աշոտ Ահարոնյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքից դուրս գալիս ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել Գագիկ Ծառուկյանին իջնել կառավարության եւ պատգամավորների համար նախատեսված ճանապարհով, որտեղ կայանված էր նրա մեքենան:
Ի պատասխան Ծառուկյանի հարցի, թե ինչո՞ւ թույլ չեն տալիս, ոստիկաններն ասել են, որ պետք է իջնել ընդհանուր ճանապարհով, որտեղով անցնում է ժողովրդի հոսքը:
Եւս մեկ անգամ առարկելով ոստիկաններին` Ծառուկյանը, ով Ծիծեռնակաբերդ էր եկել որդու ուղեկցությամբ, իջել է ընդհանուր ճանապարհով, սակայն կեսից շրջանցել է ոստիկաններին եւ գնացել պատգամավորների համար նախատեսված ճանապարհով:
Նա հրաժարվել է պատախանել լրագրողների հարցերին` ասելով, թե «այսօր այդ օրը չէ»:



























