Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության պատգամավորների ստորագրությամբ գրավոր պահանջ է ներկայացվել Թուրքիայի խորհրդարանի նախագահություն՝ ստեղծելու հանձնաժողով, որը կուսումնասիրի հայոց ցեղասպանությունն ու քրդական հարցի հետ կապված սերիական սպանությունները։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Իդրիս Բալուքենի եւ մյուս պատգամավորների ստորագրությամբ պահանջի մեջ նշվել է, թե Թուրքիան երկար ժամանակ խուսափում է Հայոց ցեղասպանության եւ քրդերի սերիական սպանությունների հետ կապված քայլեր անելուց։  Թուրքիայի խորհրդարանի նախագահությանն ուղղված գրության մեջ պահանջվում է ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի Հայոց ցեղասպանության հետ կապված իրադարձությունները եւ քրդական հարցի հետ կապված սերիական սպանությունները։

Նշենք, որ քրդական կուսակցության այս պահանջը եւ ապրիլի 24-ին տարածած հայտարարությունը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, որի հետեւանքով քրդական կուսակցությանը որակել են որպես դավաճան եւ թիկունքից թուրք ազգին հարվածող: