Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 25-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունն ու անձնական ներդրումը հայ-բրազիլական հարաբերությունների ամրապնդման գործում՝ նշելով, որ նրա պաշտոնավարման տարիներին երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացել է նոր ծրագրերով ու նախաձեռնություններով: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ մեր երկրում Բրազիլիայի հաջորդ դեսպանը նույնպիսի եռանդով եւ նվիրվածությամբ կկատարի իր առաքելությունը՝ ի նպաստ հայ-բրազիլական բարեկամության: Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա աշխատանքում եւ հույս հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը՝ իր աշխատանքային հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցնելով հայ-բրազիլական կապերի առավել ամրապնդմանը:
Բրազիլիայի դեսպանը գոհունակությամբ է խոսել միջազգային կազմակերպությունների շրջանակներում եւս բարեկամ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության մասին: Երկկողմ կապերի ամրապնդման գործում տկն. Մարսելա Մարիա Նիկոդեմոսը բարձր է գնահատել բրազիլահայ համայնքի դերը, որը, նրա խոսքով, լուրջ եւ կարեւոր ներդրում է ունեցել նաեւ Բրազիլիայի զարգացման գործում:
Զրուցակիցները երկուստեք կարեւորել են առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ երկու ժողովուրդների բարեկամության հիմքի վրա տնտեսական հարաբերությունների զարգացումը:




























