Թուրքմենստանի եւ Հայաստանի նախագահներ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հեռախոսազրույց է կայացել: Թուրքմենստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

Ջերմ ողջունելով միմյանց` երկու պետությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել անձնական զրույցում մտքեր փոխանակելու կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բերդիմուհամեդովին թուրքմենական նժույգի տոնի կապակցությամբ, որն արտացոլում է թուրքմենների մեծ սերը նախնիների անգին մշակութային ժառանգության նկատմամբ:

Բերդիմուհամեդովը Հայաստանի նախագահին ցանկացած հարմար պահի հրավիրել է Թուրքմենստան, հրավերն ընդունվել է մեծ ուրախությամբ: Այցի ժամկետները կճշտվեն դիվանագիտական խողովակներով: