Տեղի է  ունեցել շատ բաց, թափանցիկ գործընթաց, ՀԱԿ կուսակցությունը ստեղծվել է դաշինքի անդամ մի քանի կուսակցությունների եւ դաշինքի համակիրների բազայի վրա։  Այս մասին, այսօր՝  ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀԱԿ մամուլի խոսնակ, ՀԱԿ համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արման Մուսինյանը:

Նա նշեց, որ ՀԱԿ ասելով նկատի ունեն ՀԱԿ կուսակցությունը, իսկ մնացածը, ովքեր մաս չեն կազմել, ազատ են իրականացնելու իրենց գործունեությունը։

Արման Մուսինյանը հերքեց՝ ԲՀԿ-ի՝ ՀԱԿ-ին ֆինանսավորելու մասին լուրերը։ Նա տեղեկացրեց, որ ՀԱԿ-ին  ֆինանսավորել են իր համակիրները տարբեր ժամանակաշրջանում, դա միշտ բազմաշերտ է եղել, որոշ ժամանակաշրջանում՝ շատ, որոշ ժամանակաշրջանում՝ քիչ, այժմ էլ  համակիրները շարունակում են աջակցել  ՀԱԿ-ին՝ գտնվելով մշտական ֆինանսական, քաղաքական  ահաբեկման տակ։

Ի դեպ, նկատենք, որ օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսում Գուրգեն Եղիազարյանը հայտարարել էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի գումար չլինելու պատճառով չի մասնակցել նախագահական ընտրություններին։ Հարցին, թե ինչո՞ւ համակիրների օգնությանը չեն դիմել, նա պատասխանել էր, թե համակիրները նունիսկ չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել եւ նորմալ ապրել։

Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցությանը, Մուսինյանի կարծիքով, դա ՀԱԿ դաշինքի խմբակցություն է, այսօր կարող են լինել խմբակցությունում մարդիկ, ովքեր ՀԱԿ անդամ չլինեն, բայց դա չի խանգարում ապահովելու խմբակցության  գործունեությունը: «Ընթացքը ցույց կտա, կա կուսակցություն եւ կար դրանից առաջ ստեղծված ընտրական դաշինք, որը ձեւավորել էր խմբակցությունը»,-ասաց նա:

Մուսինյանը նշեց, որ Ստեփան Դեմիրճյանի հետ նորմալ հարաբերությունների մեջ  են, հիմնված փոխադարձ հարգանքի, մոտեցումների ընդունման վրա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա Արման Մուսինյանը նշեց, որ նա խմբակցության անդամ է, դրա շրջանակներում համագործակցում են։ «Կոնգրեսի քաղաքական ղեկավարությունն ուներ ռազմավարություն, նաեւ դրա մեջ էր մտնում Կոնգրեսի կուռ, միասնական կառույցի ձեւավորումը, Նիկոլ Փաշինյանը հարմար էր գտնում քաղաքացիական հարթության վրա պայքարը տանելը, ժամանակը ցույց կտա, որն է  ավելի ճիշտ, որեւէ խնդիր չկա, մենք պատկերացնում ենք, որ քաղաքականությամբ զբաղվում են կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքը,այդ պատճառով համագործակցությունը չստացվեց, մնացածը խմբակցության գործունեության տիրությում է»,- ասաց Արման Մուսինյանը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am