Այս տարի Թուրքիայում զգալիորեն ընդլայնվել է 1915-23 թթ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպվող միջոցառումների աշխարհագրությունը: Ապրիլի 25-ի մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ կազմակերպվող ոգեկոչման միջոցառումներն արդեն չորրորդ անգամ են անցկացվում Թուրքիայում: «Երեկ ամենախոշոր միջոցառումները տեղի են ունեցել քրդերով բնակեցված Դիարբեքիրում, ընդ որում քաղաքապետի նախաձեռնությամբ»,-նշել է Շաքարյանը, ավելացնելով, որ այս պահի դրությամբ Թուրքիայում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում, սակայն թուրքական հասարակության որոշակի շերտի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող ցույցերը դեռ չեն վկայում այն մասին, որ Թուքիան կառուցողական քայլեր է անում: «Ի վերջո, մեր առաջադրանքը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ցեղասպանության ճանաչման հասնելն է»,-նշել է նա:

Թուրքագետի խոսքով՝ իրականում Հայոց ցեղասպանությունն առաջին անգամ հենց օսմանյան դատարանն է ճանաչել (այն ժամանակ «ցեղասպանություն» տերմինը դեռ առաջարկված չի եղել Լեմկինի կողմից): «Հիշեք օսմանյան դատարանի լսումներն ու դատապարտումները: Իսկ ինչ վերաբերում է Ցեղասպանության ամբողջական ճանաչմանը, ապա այն ենթադրում է փոխհատուցում, խլած ունեցվածքի վերադարձում եւ այլն»: