ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի վարքի վերաբերյալ ԱԺ նախագահին հասցեագրված դիմումը վերջինս ուղարկել է ՀՀԿ խմբակցություն: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսօր են ստացել դիմումը, կփորձի զրուցել դիմումատուի հետ եւ գնահատակներ տալ: Նա նշեց, որ առայժմ չի հաջողվել զրուցել Նաիրա Կարապետյանի հետ:

Խմբակցության ղեկավարն ասաց, որ դիմումի մեջ նշվում է, որ պատգամավորն իրեն կոշտ, կոպիտ է պահել, բայց չի նշվում, թե ինչ խոսակցություն է եղել, ինչի է նա իրեն կոպիտ պահել, ինչից է խնդիր առաջացել եւ այլն: «Հիմա նման գրություններին ավելի ուշադիր եմ, որովհետեւ ավելի մոդայիկ է դառել: Չեմ էլ հավատում, որ Նաիրա Կարապետյանը որեւիցե խնդիր է առաջացրել, դրա համար պետք է երկու կողմերին լսեմ»,- ասաց Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ երկու կողմերի հետ խոսելուց եւ պարզաբանումներ մտցնելուց հետո կորոշի` հարցը դնե՞լ խմբակցության նիստի քննարկմանը, թե՝ ոչ:

«Ես չեմ կարծում, որ եթե ինչ-որ վիրավորանք է եղել, միակողմանի եղած կլինի, որովհետեւ գրությունը այնպես  է գրված, որ ոչ թե մեղադրում, դատապարտում է, այլ մատ թափ տալու նման ինչ-որ մի բան է, ես չեմ կարծում, թե նման գրություն գրողի առանց մատ թափ տալու դիմացինը մատ թափ կտար: Մի խոսքով` դեռ խոհերի մեջ եմ, երկու կողմերի հետ էլ կխոսեմ» ,- եզրափակեց Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ Էթիկայի հարցերով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովը Երեւանում Մոսկվայի տան տնօրենից դիմում-բողոք է ստացել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի վերաբերյալ, որպեսզի քննի նրա վարքը։ Թե ինչ միջադեպ է եղել երիտասարդ պատգամավորուհու եւ Մոսկվայի տան տնօրենի միջեւ, Նաիրա Կարապետյանը եւս չմանրամասնեց։ Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հետեւյալը. «Շատ ցավում եմ, որ նման պաշտոն զբաղեցնող կինը զբաղվում է ապատեղեկատվություն եւ սադրանք տարածելով, սակայն նաեւ ուրախ եմ, որ նա այնուամենայնիվ դիմել է ոչ թե այն ոճին եւ տոնայնությանը, որով ինձ հետ էր խոսում, այլ՝ էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովն է այն մարմինը, որը կոչված է նման իրավիճակները պարզաբանելու եւ հանրությանը իրականությունը ներկայացնելու: Ըստ Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի՝ Էթիկայի հանձնաժողովի հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց: Կարծում եմ, սա հենց այն դեպքն է, երբ ես կառաջարկեմ անցկացնել նիստը դռնբաց, որպեսզի բոլորին պարզ լինի իրական պատկերը»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am