Հասարակության հետ ուղիղ միացման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է Անատոլի Չուբայսի մասին ավանդական հարցին: Հարցը տված քաղաքագետը հետաքրքրվել է, թե որքան են «Ռոսնանո»-ի կորուստները, եւ երբ է Անատոլի Չուբայսը հայտնվելու բանտում:

«Մարդուն հանդգնորեն մեղադրելը, նրան հանցագործ անվանելն, ասելը, որ նա ինչ-որ բան գողացել է` ճիշտ չէ, մենք նման բան չենք անի»,-իր կարծիքն է հայտնել Պուտինը: «Ռոսնանո»-ի կորուստը կազմում է 2,5 միլիարդ ռուբլի: Դա ընդհանրապես բարդ ոլորտ է, կան բացթողումներ, բայց դա քրեորեն պատժելի չէ, դատողություններ է արել Պուտինը:

«Ես համարում են, որ թե նա, թե նրա հետ աշխատող մի շարք մարդիկ այն ժամանակ շատ սխալներ են թույլ տվել, բայց ինչ-որ մեկը պետք է աներ այն, ինչ նրանք են արել: Նրանք փոխել են ռուսական տնտեսության ամբողջ կառույցը, եւ, փաստորեն, փոխել են զարգացման ուղին: Պետք էր համարձակություն ունենալ նման քայլեր անելու համար»,- Պուտինի խոսքը մեջբերել է «Ինտերֆաքս»-ը:

«Ինչպես պարզվել է, Անատոլի Բորիսովիչի շրջապատում որպես խորհրդականներ են աշխատել ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կադրային աշխատակիցները: Բայց ծիծաղելին այն է, որ ԱՄՆ վերադառնալուն պես, նրանց քրեական պատասխանատվության են ենթարկել այն բանի համար, որ նրանք իրենց երկրի օրենքները խախտելով, Ռուսաստանի Դաշնությունում սեփականացման գործընթացների հաշվին հարստացել են, բայց որպես հեռախուզական ծառայության գործող սպաներ նման իրավունք չեն ունեցել»,- ասել է Պուտինը եւ ավելացրել. «Նրանց արգելված էր զբաղվել դրանով, բայց նրանք չեն կարողացել զսպել իրենց, կոռուպցիան է ստիպել, հասկանո՞ւմ եք»: