Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ամսվա ավարտին, այսօր՝ ապրիլի 25-ին, Հայաստանում ֆրանսերենի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել:

Միջոցառման նպատակն է նպաստել ՄԱԿ-ում լեզվկական եւ մշակութային բազմազանությանը:

Բացի այն, որ ֆրանսերենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկն է, այն նաեւ ՄԱԿ-ի Քարտուղարության երկու աշխատանքային լեզուներից  մեկն է: Ֆրանսերենով խոսում են բոլոր մայրցամաքներում,  ինչով այն կարեւոր դեր է խաղում ՄԱԿ-ի խոսքն աշխարհով մեկ տարածելու գործում:

Միջոցառումը համատեղ կազմակերպել են Երեւանի Միսակ Մանուշյանի անվան թիվ 48, Ստեփան Զորհանի անվան թիվ 56 եւ Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցները, Ֆրանսիայի դեսպանատունը՝ Հայաստանի ԱԳՆ եւ Երեւանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության հովանու ներքո: Ավելի քան 100 երեխաներ նշված դպրոցներից մասնակցել են ներկայացումներին՝ նպաստելով ֆրանսերենի տարածմանը:

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչն Մարիա Դոցենկոն ասել է. «Ես ուրախ եմ այսքան շատ երիտասարդ ու վառ մարդկանց տեսնել այսօր հանդիսատեսի մեջ: Շատ կարեւոր է, որ հայերը ֆրանսերեն են սովորում, որը նրանց կօգնի բացել սահմանները եւ ավելին իմանալ աշխարհի մասին, ինչպես նաեւ դառնալ աշխարհի քաղաքացիներ: Կարծում եմ` խիստ կարեւոր է հիշել, որ մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ լեզուները, որոնցով խոսում ենք, կարդում կամ գրում, ազդում են մեր մտածելակերպի եւ գործողությունների վրա»:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հատուկ ձեւավորված հավաստագրեր է հանձնել վերոնշյալ դպրոցների ղեկավարություններին եւ քաղաքապետարանի իր գործընկերներին:

Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը եւ իսպաներենը  ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: Սկսած 2010թ.  ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրեր». մի նախաձեռնություն, որը միտում ունի տոնելու լեզվային եւ մշակութային բազմազանությունը: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երեւանյան գրասենյակը նույնպես ծրագրել է 2013թ. ընթացքում միջոցառումներ նվիրել ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներին: