Եթե մենք ուզում ենք հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ապա պետք է որոշակի աշխատանք տանենք միջազգային հասարակության հետ, ոչ թե ներքին լսարանի համար: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Նրա խոսքով, մենք` հայերս անգամ չգիտենք, թե ինչ ենք ուզում Թուրքիայից, իսկ ինչ վերաբերում է պահանջներին, ապա այդ հարցում, Շաքարյանը մեջբերել է քաղաքագետ Արա Պապյանի ձեւակերպումը, «Հայաստանը` Սեւրի պայմանագրի համաձայն»- ահա հստակ պահանջը, որի շուրջ պետք է երկխոսություն սկսել թուրքական կողմի հետ: «Հայ բնակչության համար կարեւոր չէ շատ են, թե քիչ հողերը, կարեւորը զարգացման հնարավորությունն է եւ թե այդ հողերի որ մասը կարող է պիտանի լինել Հայաստանի զարգացման համար»,-նշել է Շաքարյանը՝ ավելացնելով, որ, պահանջներ առաջադրելիս, իշխանությունները պարտավոր են հաշվի նստել հասարակության դիրքորոշման հետ, որպեսզի դիրքերը զիջելուց մեղավոր չճանաչվեն:



























