Հայաստանի խորհրդարանը փետրվարի 23-ին առաջին ընթերցմամբ քննարկել է միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագիծը։

Ինչպես հայտարարել է նախագիծը ներկայացնող Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, փաստաթուղթը նախատեսում է կողմերից մեկի դուրս գալը միջազգային պայմանագրի վավերացման գործընթացից, քանի դեռ այն վերջնականապես չի ավարտվել։ Նա ընդգծել է, որ այս օրինագծով նախատեսվում է Հայաստանում միջազգային պայմանագրերի դադարեցման եւ առկախման ինստիտուտներ ներմուծել։ «Վերոնշյալ օրինագծի ընդունումը նպատակաուղղված է այդ ինստիտուտների ներդրմանը»,- նշել է նա։

Նախարարը խուսափել է պատասխանել այն հարցին, թե օրինագիծը խորհրդարան ներառելը կապվա՞ծ է արդյոք Սերժ Սարգսյանի այն հայտարարության հետ, թե միջազգային պայմանագրերի ընդունման գործընթացում պետք է մտցվեն համապատասխան փոփոխություններ, որոնք թույլ կտան Հայաստանին պետք եղած պահին դուրս գալ հայ-թուրքական արձանագրությունների ընդունման գործընթացից։ Պատասխանելով այն հարցին, թե չարժե՞ արդյոք օրինագծում վերանայել միջազգային պայմանագրերի շարունակման գործընթացը՝ դրանց առկախումից հետո, եթե անհրաժեշտ լինի, Նալբանդյանը պատասխանել է. «Այդ առաջարկությունը կարելի է քննարկել»։

Նշենք, որ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը սուր քննադատության է արժանացրել օրինագիծը եւ հայտարարել է, որ դեմ է քվեարկելու դրան։ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, ելույթ ունենալով այս հարցի առնչությամբ, հայտարարել է, որ ինքը ցանկանում է ուշադրությունը կենտրոնացնել հենց օրինագծի, այլ ոչ թե հայ-թուրքական արձանագրությունների վրա. «Ես նման օրինագծի ընդունման անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ այն հայկական կողմին ոչինչ չի տալիս։ Ցանկության դեպքում նախագահն իր իրավասություների շրջանակներում կարող էր ցանկացած պահի դադարեցնել գործընթացը, կամ հայկական կողմը բանակցություններից դուրս կարող է գալ համապատասխան հայտարարությամբ։ Իսկ եթե հայկական կողմը կարծում է, որ այս օրինագծի ընդունմամբ արձանագրություների վավերացման առումով կազդի Թուրքիայի վրա, ապա սխալվում է»,- հայտարարել է Թորոսյանը։