Այսօր՝ ապրիլի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի եւ Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցի:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ կարեւորելով Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի ձեւավորումը` Գարեգին Բ-ն բարձր է գնահատել այն ջանքերը, որ խմբի անդամները ներդնում են հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ Հայաստանի` Եվրամիությանն անդամագրվելու գործընթացի ուղղությամբ:
Ի դեմս խմբի անդամների, նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, պետություններին եւ անհատ անձանց, ովքեր կարեւոր ներդրում են բերում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում: Իր Գարեգին Բ-ն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչումը կնպաստի նաեւ մարդկության կյանքում տեղ գտնող նման երեւույթների կանխմանը:
Հանդիպման ավարտին նա հաջողություն է մաղթել Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի առաքելությանը` նշելով, որ թեեւ այն ուղղված է Եվրամիության եւ Հայաստանի հարաբերությունների սերտացմանը, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, սակայն դուրս է գալիս այդ սահմաններից եւ համամարդկային բնույթ ստանում` ի նպաստ արդար ու խաղաղ աշխարհի կառուցման:




























