ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») եւ ՀՀ արդարադատության նախարարությունն, այսօր՝ ապրիլի 25-ին, մտադրությունների հուշագիր են ստորագրել՝ համագործակցելու Հայաստանում գործարար միջավայրի բարեփոխումների շուրջ եւ զարգացնելու Վեճերի կարգավորման այլընտրանքային առկա համակարգը (ADR): 2013թ. ապրիլից մինչեւ 2014թ. դեկտեմբեր կողմերը համատեղ կաշխատեն եւ կիրականացնեն մի շարք գործողություններ, այդ թվում՝ Հայաստանում Վեճերի կարգավորման այլընտրանքային համակարգի ընթացիկ վիճակի մանրամասն հետազոտություն եւ այդ համակարգի զարգացմանը խոչընդոտող իրավական եւ ինստիտուցիոնալ թերությունների բացահայտում:
«Ի-Դի-Էմ-Սի»-ն արդարադատության նախարարությանը կաջակցի դատական եւ իրավական բարեփոխումների իրականացման գործում՝ այդ թվում նաեւ ոլորտում իրավական քաղաքականության, անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակմանը եւ դրանց շուրջ շահառուների հետ հանրային լսումների ու կլոր սեղան քննարկումների կազմակերպմանը: Կկազմակերպվեն լայն հանրության շրջանակներում վեճերի կարգավորման այլընտրանքային համակարգերի մասին իրազեկման ու վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:
ԱՄՆ ՄԶԳ-ն «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով կաջակցի նախարարությանը մշակելու կանոնադրական նորմեր, էթիկայի կանոններ, արտոնագրման եւ թեստավորման չափանիշներ, ձեռնարկներ, գնահատման մեթոդոլոգիա եւ այլ կարգավորումներ: Բացի այդ՝ կկազմակերպվի վերապատրաստման դասընթաց` հաշտարարների, դատավորների, իրավաբանների եւ փաստաբանների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գործարարների եւ լայն հանրության համար: Համագործակցության ընդհանուր արդյունավետությունը երաշխավորելու համար կմշակվի մշտադիտարկման արդյունավետ համակարգ:
«Զարգացած բազմաթիվ երկրներում Վեճերի կարգավորման այլընտրանքային համակարգն ընդհանուր իրավական համակարգի մասն է կազմում: Սովորաբար դատարաններում դատական հայցերի ծանրաբեռնվածությունը երկարաձգում եւ ավելի է թանկացնում դատական գործընթացները, ինչը բացասաբար է ազդում գործարար միջավայրի վրա: Արդյունավետ ADR համակարգը այս իրավիճակից հնարավոր ելքն է, որը տարաձայնություններ ունեցող կողմերին հնարավորություն է տալիս համաձայնության գալ՝ առանց դատական գործընթացների մեջ մտնելու»,- նշեց արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը հուշագրի ստորագրման արարողության ժամանակ: Նրա խոսքով՝ ADR համակարգը կօգնի պահպանել բիզնեսների միջեւ հարաբերությունները եւ կնպաստի այդ համակարգի նկատմամբ հաճախորդների վստահության աճին, որը զգալի ներուժ ունի է հատկապես այնպիսի ոլորտում, ինչպիսին օրինակ զբոսաշրջությունն է, որտեղ ավանդական դատական գործընթացների կիրառումը առաջացնում է մի շարք խնդիրներ:



























