Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվել է ինտերակտիվ շախմատային տախտակ: Կենտրոն վարչական շրջանում կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, ծանոթացել այնտեղ ընթացող բարեկարգման եւ արտաքին ձեւավորման աշխատանքներին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ մասնակցել է նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ տեղադրված ինտերակտիվ շախմատի տախտակի բացմանը:
Ընդգծելով մայրաքաղաքում այսպիսի նորամուծությունների կարեւորությունը` Տարոն Մարգարյանը շեշտել է, որ նման հետաքրքիր ու ինտերակտիվ ձեւավորումները կարեւոր են նաեւ դաստիարակչական առումով եւ ինքնատիպ խթան կհանդիսանան շախմատի նկատմամբ հետաքրքրության էլ ավելի բարձրացմանը: Քաղաքապետը նաեւ նշել է, որ մայրաքաղաքի արտաքին տեսքի ձեւավորման այսօրինակ լրացումները կրելու են շարունակական բնույթ եւ համալրելու են բոլոր վարչական շրջանները:
Ի դեպ, շախմատի տախտակը միայն դեկորացիա չէ. ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք կարող է բարձրանալ մոտ 30 քմ մակերեսով խաղատախտակի վրա ու, տեղափոխելով խաղաքարերը, շախմատ խաղալ:
Մասնավորի հետ արդյունավետ համագործակցության հերթական արդյունք հանդիսացող երեւանյան այս նորույթը միանգամից գրավել է երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի ուշադրությունն ու հիացմունքը: Տարածքը, ի դեպ, վերահսկվում է տեսախցիկներով:



























