Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին՝ խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Հանրապետության նախագահը ողջունել է բարեկամության խմբի այցը մեր երկիր եւ խմբի ստեղծումը համարել ժամանակի պահանջ ու անհրաժեշտություն՝ նկատի առնելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակն ու ինտենսիվությունը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ բարեկամության խմբի գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանն ու առավել խորացմանը, ինչպես նաեւ Հայաստանին հուզող հարցերը Եվրոպական խորհրդարանում բարձրացնելուն:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հանդիպման սկզբում նախ շնորհավորել են նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների եւ ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Նրանք ընդգծել են, որ որպես Հայաստանի բարեկամներ, շարունակելու են աջակցություն ցուցաբերել Հայաստանին Եվրոպական խորհրդարանում, եվրոպական այլ կառույցներում եւ ԵԽ անդամ երկրների խորհրդարաններում՝ նպաստելով Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների տարածմանն ու Հայաստանի եւ հայ ժողովրդի ունեցած հսկայական ու անգնահատելի պատմական, մշակութային ժառանգության, դավանած արժեքների ներկայացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների զարգացմանը, ներկայիս օրակարգին եւ արդեն բարեկամության խմբի գործունեության պարագայում՝ համագործակցության հեռանկարներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների շուրջ, ԼՂ հիմնահարցի կարգավորման ներկա փուլի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մասին: