Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ ապրիլի 25-ին, հանդիպել է «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ համաժողովին մասնակցությունն արդեն իսկ վկայում է նրանց ազգային մտածողության ու հոգեբանության, ազգանպաստ ձեռնարկների ու ազգային ինքնության բարձր գիտակցման մասին: «Հայերենն իմ սրտում է» համաժողովը դիտելով որպես «Արի տուն» համահայկական ծրագրի տրամաբանական շարունակություն, Հովիկ Աբրահամյանը հայապահպանության գործում մեծապես կարեւորել է լեզվի պահպանման խնդիրը: Նա վստահություն է հայտնել, որ համանման հավաքները էապես նպաստում են հայրենասիրական ոգու ամրապնդմանը, Հայաստանին, նրա պատմությանն ու մշակույթին ծանոթությանը, համատեղ ուժերով հայանպաստ ծրագրերի իրականացմանը: ԱԺ նախագահը խորհրդանշական է համարել, որ ապրիլի 24-ին գտնվելով Հայաստանում՝ համաժողովի մասնակիցները հայաստանցի իրեց հասակակիցների հետ միասին ոգեկոչել են Օսմանյան Թուքիայում ցեղասպանված մեր 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակը: «Սա մեր համազգային ցավից ծնված համատեղ պայքարի, միասնական քայլերի ու միասնական նպատակի անվերապահ գիտակցումի եւս մեկ վկայություն էր»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:
Խորհրդարանի ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքն ու գործունեության ուղղությունները, անդրադարձավ օրենսդիր մարմնի միջազգային համագործակցությանը, Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրներին, տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերություններին ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Վերջինիս առումով Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ եւս ընդգծել է հիմնախնդիրը Մինսկի խմբի ձեւաչափում խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունը՝ հիմնված հայտնի երեք սկզբունքների վրա: «Ադրբեջանը, սակայն, իր ռազմատենչ կեցվածքով գործընթացը տանում է փակուղի, եւ նրա այս դիրքորոշման պատճառով է, որ առաջընթաց չի գրանցվում»,-ասել է ԱԺ նախագահը:
Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ սփյուռքահայ երիտասարդների կապը հայրենիքի հետ ավելի կսերտանա, իսկ հայերենը նրանք ոչ միայն կպահեն իրեց սրտում, այլեւ կգործածեն որպես ե՛ւ լեզու, ե՛ւ զենք, ե՛ւ գաղափարախոսություն՝ ի շահ համայն հայության հզորացման, բազմապատկման, հանուն նրա ապագայի Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում:
Հանդիպման մասնակիցներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են խորհրդարանի ղեկավարի հետ:



























