Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը ապրիլի 26–30-ը Երեւանում կանցկացնի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 11-րդ փառատոնը:

Այս տարի կցուցադրվի 22 ներկայացում` Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Լիտվայից, Վրաստանից եւ Հայաստանից:

Փառատոնի առանցքն է կազմելու լեհական ծրագիրը, որը նվիրված կլինի նաեւ մեր երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերի հաստատմանը: Լեհական նշյալ ծրագրի շրջանակներում կցուցադրվի 5 մոնոներկայացում, ինչպես նաեւ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվեն վարպետության դասընթացներ,  գործնական պարապմունքներ ուսանողների համար:

Փառատոնին հանդես կգան 2 դերասան Գերմանիայից` (Բիաթե Էhլերը` «Աննի լռությունը» («Մոր լռությունը») ներկայացմամբ, որի հիմքում Մեծ եղեռնի թեման է եւ գերմանահայ վաստակաշատ ու հանրահայտ արվեստագետների ընտանիքի  ներկայացուցիչ` Լուսինե Խաչատրյանը` Յ. Շիլլերի «Մարիա Ստյուարտ» ներկայացմամբ), ինչպես նաեւ դերասաններ Լիտվայից` (բեմադրիչ Սաուլիս Վառնասի` Վ.Նաբոկովի ստեղծագործությունների հիման վրա բեմադրած մոնոներկայացում), Վրաստանից`(բեմադրիչ Աֆտանդիլ Վարզիմաշվիլիի «Շների աշխարհ»), Ռուսաստանից`(երկու տարի առաջ Հայաստանի թատերական գործիչների միության կողմից Մեյերխոլդի անվան կենտրոն գործուղած երիտասարդ բեմադրիչ Զառա Անտոնյանի «Պանտիլեյ Կարմանովի տաղտկալի ճշմարտությունը»: Սա բեմադրիչի  դիպլոմային աշխատանքն է, որի դերակատարը հանրաճանաչ ամերիկացի  Սթիվն Թոմաս Օքսներն է:

Փառատոնին ակտիվ մասնակցություն ունեն հայ դերասանները` ՀՀ վաստ.արտիստ Մուրադ Ջանիբեկյան, Լարիսա Ղեւոնդյան, Նոռա Բադալյան, Անահիտ Մութաֆյան, Երվանդ Ենգիբարյան, Մարինե Խաչատրյան, Նարինե Գրիգորյան, Ֆրիդա Յորք եւ այլք:

Առանձին «Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում (այս տարվա նորամուծությունն է) հանդես կգան մոնոներկայացման ժանրում իրենց առաջին քայլերն անող երիտասարդ բեմադրիչներն ու դերասանները:

Փառատոնն իրենց մասնակցությամբ կպատվեն հանրահայտ մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ` Նինա Մազուրը (Ուկրաինա), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանա /Լիտվա/, Վեցլավ Գերաս (Լեհաստան), թատերագետներ` Տոմաշ Միլկովսկի (Լեհաստան), Պյոտր Բարկովսկի (Լեհաստան)։

«Արմմոնո» առաջին միջազգային թատերական փառատոնը տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Press Master մամուլի ակումբում «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին նվիրված ասուլիսին մասնակցում Էին. Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը, Վրոցլավի /Լեհաստան/ մոնոփառատոնի ղեկավար Վեցլավ Գերասը, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն  Մարիաննա Մխիթարյանը: