Դպրոցականների աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ` հանրապետական, փուլն անցկացվել է ապրիլի 22-ին, Հայաստանի ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում եւ Երեւանի ֆիզ.-մաթ. դպրոցում: Ընդհանուր առմամբ՝ եզրափակիչ փուլին մասնակցել է 41 աշակերտ Երեւանից, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերից, այդ թվում` 2010-2012 թթ. միջազգային աստղագիտական օլիմպիադաների մրցանակակիրներ Գեւորգ Մարտիրոսյանը, Արսեն Վասիլյանը, Վարդգես Մամբրեյանը, Վահան Ասլանյանը, Կարեն Համբարձումյանը եւ Սիրանուշ Բաբախանովան:
Ժյուրիի նախագահը աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու Աշոտ Հակոբյանն էր:
Օլիմպիադային առաջադրված էր 5 խնդիր երկնային մեխանիկայից, աստղաչափությունից եւ ճառագայթման տեսությունից: Լավագույն արդյունքներ ցույց տվեցին Երեւանի ֆիզ.-մաթ. դպրոցի (ՖՄԴ), Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) հենակետային վարժարանի եւ «Քվանտ» վարժարանի սաները: Առաջին կարգի դիպլոմի արժանացան Վահան Ասլանյանը (ՖՄԴ), Վարդգես Մամբրեյանը (ՖՄԴ), Գեւորգ Մարտիրոսյանը (ՖՄԴ) եւ Արսեն Վասիլյանը (ՀՊՃՀ), II կարգի` Կարեն Համբարձումյանը (ՖՄԴ), III կարգի` Սիրանուշ Բաբախանովան (ՖՄԴ), Էդուարդ Գրիգորյանը («Քվանտ»), Հրաչյա Դավթյանը (ՀՊՃՀ) եւ Հայկ Սողոմոնյանը (ՖՄԴ), իսկ գովասանագրերի` Հրաչյա Բաբուջյանը (ՖՄԴ), Հրանտ Թոփչյանը (ՖՄԴ), Դավիթ Խեչոյանը («Քվանտ»), Արա Մամբրեյանը (ՖՄԴ) եւ Աստղիկ Ցոկոլակյանը (ՀՊՃՀ):
Օլիմպիադան միաժամանակ ընտրական փուլ էր աստղագիտության միջազգային օլիմպիադայի համար, որն այս տարի աշնանը կկայանա Լիտվայում:
Հիշեցնենք, որ հայ պատանիները գերազանց ավանդույթներ ունեն միջազգային օլիմպիադաներում՝ ընդհանուր առմամբ նվաճելով 8 ոսկե, 5 արծաթե եւ 14 բրոնզե մեդալ եւ թիմային հաշվարկով հանդիսանալով լավագույն հավաքականներից մեկը օլիմպիադաների 17-ամյա պատմության ընթացքում:




























