Երեւանի ավագանու ընտրությունները հասարակության կողմից արհամարհված են: Այս մասին, այսօր` ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նրա խոսքով՝ ինքը հասարակության հետ միասին հիշատակման անարժան է համարում Երեւանի ավագանու ընտրությունները:
Հակոբյանն իշխանության առջեւ ծանրացած երեք գերխնդիր առանձնացրեց, նշելով. «Առաջինը տնտեսական նոր քաղաքականություն սկսելու գործընթացն է, սակայն գլխավոր ստրատեգին կամ վարդապետին չեմ տեսնում: Երկրորդը նոր դիվանագիտական դոկտրինայի մշակումն է՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար: Իսկ երրորդ գերխնդիրը դա նոր կուսակցական ռեֆորմացիան է: Կուսակցությունների գրանցումը պետք է լինի գաղափարական հենքի վրա»:
Գլխավոր մարքսիստն ընդգծեց, որ այդկերպ պայքարը չի գնա անձնական թագի համար: Նա երկրի նախագահին հորդորեց փոխել շքախումբը, քանի որ նա ուժեղ է իր շքախմբով, իսկ հիմա քաղաքական արքունիքում գզվռտոց է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























