Այսօր` ապրիլի 26-ին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Քոլին Ռոբերթսին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում Նորին Մեծության դեսպան Ջոնաթան Էյվզը, դիվանագիտական առաքելության փոխղեկավար Ամիաս Մուրեսը:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից հայտնում են, որ քննարկվել են հայաստանյան վերջին նախագահական ընտրությունները, որտեղ ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իրական արդյունքներով ինքն է ընտրվել նախագահ, իսկ Սերժ Սարգսյանն ընտրակեղծիքների միջոցով հաղթող է դարձել:
Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական առկա իրավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին ու միջազգային հարաբերություններին՝ ընդգծելով Արցախի Հանրապետության գոյության, նրա իրավունքի ճանաչման հրամայականները եւ Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի Մեծ հայրենազրկման հետեւանքների հանգուցալուծման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:



























