«Երկրաշարժերի կանխատեսման հնարավորության, սեյսմիկության եւ կլիմայի փոփոխության կորելյացիայի համալիր հետազոտում» համաեվրոպական ծրագրի շրջանակներում 5-օրյա աշխատանքային այցով Երեւանում էր գտնվում ծրագրի համակարգող, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի միջազգային նախագծերի դեպարտամենտի վարիչ, դոկտոր Բոյկո Վաչեւը:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրում ընդգրկված են 9 երկրի 17 գիտահետազոտական ինստիտուտ եւ համալսարան, իսկ Հայաստանը ծրագրում ներկայացնում է միայն ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը:
Երեք տարի տեւողությամբ (2011-2013 թթ.) ծրագրի հիմնական նպատակն է՝ տարբեր երկրների փորձառու եւ երիտասարդ մասնագետների միջեւ գիտակիրառական կապերի հաստատումը, փորձի փոխանակումը, երիտասարդ երկրաֆիզիկոս-սեյսմաբանների ուսուցումը, ուսումնասիրությունների արդյունքների համադրումը եւ միավորումը: Ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության գործակալություն են գործուղվել Բուլղարիայի, Մակեդոնիայի ու Հունաստանի փորձառու եւ երիտասարդ մասնագետներ, իսկ Հայաստանից մասնագետներ են գործուղվել Բուլղարիա եւ Մակեդոնիա:
Աշխատանքային այցի ընթացքում բուլղարացի գիտնականը ծանոթացել է ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունում կատարված աշխատանքներին, ներկայացրել մյուս մասնակիցների ձեռքբերումներն ու անելիքները եւ պարզաբանեց վերջնական հաշվետվությանը ներկայացվող պահանջները:
Գոհունակություն հայտնելով հայ երկրաֆիզիկոս-սեյսմաբանների մասնակցության արդյունքներից` Բ. Վաչեւն առաջարկել է ՍՊԾ-ին մասնակցել համաեվրոպական հաջորդ՝ ավելի մեծ ծրագրի մշակման եւ ներկայացման գործընթացին: Ծավալված քննարկման ժամանակ ՍՊԾ գործակալությունն առաջարկել է նոր ծրագրում ընդգրկել նաեւ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի համար սարքավորումների ձեռքբերումը, ինչը պատրաստակամությամբ ընդունվել է Բ.Վաչեւի կողմից:
Բուլղարացի հյուրը եղել է ՍՊ Արեւմտյան ծառայությունում եւ «ՍՊԾ» գործակալությունում, այցելել ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն եւ իրական ժամանակում երկրաշարժերի ուժգնության արտապատկերման հայ-ճապոնական «Դավիթաշեն» դիտակայան:
Ապրիլի 24-ին Բ.Վաչեւը ՀՀ ԱԻՆ աշխատակիցների հետ միասին այցելել է նաեւ Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին: Այցելության ավարտին դոկտոր Վաչեւը խոստովանել է, որ Բուլղարիա է վերադառնում մեծ տպավորություններով:



























