Հայաստանը զավթված է բառի բուն իմաստով: Ապրիլի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա խոսքով, համակարգի ներսում պայքար մղելը, մեղմ ասած, միամտություն է: «Մենք ապրում ենք նոր գաղութարարակա ժամանակներում: Պայքար մղող քաղաքական դասը պետք է գիտակցի, որ իր հակառակորդը «Բաղրամյան 26»-ը չէ: Այն վաղուց խամաճիկ է դարձել տարբեր գերտերությունների ձեռքին: Եթե մենք դա չգիտակցենք, չենք հասնի արդյունքների: Նման գիտակցության բացակայության պայմաններում հնարավոր չի լինի իշխանափոխություն իրականացնել: Այդ ամենը գիտակցելով` մենք պարբերաբար կոչ էինք անում ընդդիմադիր ուժերին դուրս գալ գաղութային համակարգի այդ դաշտից»,- ասել է Սեֆիլյանը:

Ընդդիմադիր գործչի խոսքով, վերջին մի քանի ամիսներին իրենց չի հաջողվել համոզել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա հստակ գործողությունների ծրագիր ընդունի` բողոքի ալիքը առաջնորդող խմբերով ղեկավարելու համար: «Ժողովրդի դժգոհության աննախադեպ ալիքի պայմաններում կարելի էր կյանքի կոչել այդ բոլոր փոփոխությունները, բայց, ցավոք, մեզ չհաջողվեց հաոզել Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ պետք է պայքարը սկսենք մեր մեթոդներով»,- ասել է նա` հավելելով, որ անցել են առաջնորդների ժամանակները, եկել է առաջնորդող խմբերի ժամանակը: