Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի խաչատուրովը, ապրիլի 26-ին, Հայաստանի ՊՆ վարչական համալիրում մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կապի եւ ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանի զեկույց-հաշվետվությունների ունկնդրմանը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությանը ներկա են եղել նաեւ ՀՀ պաշտպանության փոխնախարարները, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ վարչությունների եւ առանձին բաժինների պետեր: Զեկույց-հաշվետվությունների ընթացքում վարչության պետերը ներկայացրել են իրենց ենթակայությամբ գործող զորամասերում սպառազինության եւ միջոցների համալրման, արդիականացման եւ վերազինման, անձնակազմի մարտունակության բարձրացման եւ բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, սպայակազմի պատրաստվածության եւ մասնագիտական ունակությունների կատարելագործման, ինչպես նաեւ իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:
Զեկույցների ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տվել է մի շարք հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետորեն իրականացնելու համար:



























