«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Երեւանի ավագանու ընտրություններ-2013» իրավական նախաձեռնությունը, որի նպատակն է իրավական օգնություն տրամադրելու միջոցով պաշտպանել մարդկանց իրավունքներն ընտրական գործընթացում:
Ծրագիրը կգործի մեկ ամիս՝ ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 15–ը։
Այս առնչությամբ ՔՀԻ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.
«Նախաձեռնության շրջանակում գործում է 080-080-804 թեժ գիծը, որով մեր իրավաբանները անվճար խորհրդատվություն են տրամադրում ընտրություններին առնչվող ցանկացած հարցով։
Ընտրությունների օրը՝ մայիսի 5–ին, գործելու են «իրավական շտապ օգնության» մեքենաներ` լրագրողի, դիտորդի եւ փաստաբանի կազմով։ Մեքենաները շրջելու են Երեւանի ողջ տարածքով եւ, անհրաժեշտության դեպքում, արձագանքելու են թեժ գծին ստացված ահազանգերին։
Սույն նամակով դիմում ենք Ձեզ՝ ակնկալելով ձեր լրատվամիջոցի ակտիվ համագործակցությունը «իրավական շտապ օգնության» մեքենաներում լրագրողներին ներգրավելու համար։ Լրատվամիջոցը կարող է առաջարկել մեկ կամ մեկից ավելի լրագրողներ։
Մեզ հետ համագործակցելով՝ ձեր լրագրողը հնարավորություն կունենա մայիսի 5-ին՝ քվեարկության ողջ ընթացքում, շրջել ընտրատեղամասերով։ Նրա հետ տեղամասեր կայցելեն նաեւ դիտորդ եւ փաստաբան, ովքեր կօգնեն հայտնաբերել խախտումները, մեկնաբանություններ կանեն օրենքի վերաբերյալ։
Լրագրողն իր պատրաստած լուրերը կհրապարակի ձեր լրատվամիջոցում։ Նյութերը միաժամանակ կտեղադրվեն ՔՀԻ–ի «Մարդու իրավունքները Հայաստանում» (www.hra.am) կայքում՝ համապատասխան հղումով։
Ակնկալում ենք, որ խմբագրությունը լրագրողին կապահովի իրեն անհրաժեշտ տեխնիկայով (ձայնագրիչ, տեսալուսանկարահանող սարք, նեթբուք եւ այլն)։
Եթե հետաքրքրված եք համագործակցությամբ, խնդրում ենք ձեր ԶԼՄ–ի ներկայացուցչի տվյալները (անուն–ազգանուն, լրատվամիջոցը, հեռախոս, էլ. փոստ) մինչեւ ս.թ. ապրիլի 29–ը ուղարկել [email protected] եւ [email protected] էլ. փոստի հասցեներով:
Հավելյալ տեղեկություններ իմանալու համար զանգահարեք www.hra.am կայքի խմբագիր Մերի Ալեքսանյանին՝ 57-43-17 կամ 093-78-19-82 հեռախոսահամարներով։
«Ընտրություններ 2013» իրավական նախաձեռնությունը քաղաքականապես չեզոք է եւ պատրաստ է հավասարապես աջակցել ընտրական գործընթացներում ներգրավված ցանկացած անձի, ում իրավունքները խախտվել են։
Կանխավ շնորհակալ ենք համագործակցության համար»:




























