Հայաստանը լուրջ ճգնաժամի մեջ է գտնվում եւ ավելի շատ է ընկնում անդունդը: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես նշել է պատգամավորը, Հայաստանում մոտ 15 տարի իշխող քաղաքական ուժը սխալ է գործում եւ, ինչպես երեւում է, նրա նպատակները չեն համընկնում ժողովրդի ցանկությունների հետ, «հակառակ դեպքում` Հայաստանի քաղաքացիները գոյատեւման միջոցներ չէին փնտրի արտասահմանում»:

Միաժամանակ, Զոհրաբյանը նշել է, որ անլուծելի խնդիրներ չկան, բայց դրանց լուծման համար քաղաքական կամք եւ պատասխանատվությունն իր վրա ստանձնելու պատրաստակամություն է պետք: «Իսկ նրանք պատասխանատվության մասին հիշում են միայն ընտրություններից առաջ: Մնացած ժամանակ քաղաքացիները շահագործման առարկա են միայն, որին ընտրություններից առաջ ողորմություն են տալիս»,-հայտարարել է պատգամավորը, հավելելով, որ եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, հինգ տարի հետո` նոր ընտրությունների ժամանակ, չափազանց ուշ կլինի: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իշխող թիմի քայլերում դժվար է տրամաբանություն գտնել, իսկ հարկային քաղաքականությունն ուղղված է միայն փոքր եւ միջին բիզնեսը ոչնչացնելուն:

Խոսելով վախի մթնոլորտի մասին` պատգամավորը հայտարարել է, որ իշխանությունները, որոնցից ժողովուրդը վախենում է, անհաջողության են դատապարտված: