Ես չեմ խնդրում ձեր ձայնը տալ «Բարեւ Երեւան» դաշինքին, քանի որ այդ դաշինքի մեջ մտնող մարդիկ միշտ էլ պաշտպանել են ժողովրդի իրավունքը, այլ կոչ եմ անում Երեւանի ավագանու ընտրություններին ձայն տալ «Բարեւ, Երեւան» դաշինքին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ իրենց շարքերում օլիգարխներ չկան, եւ իրենք մտադիր են շարունակել պաշտպանել քաղաքացիների շահերը։
«Ընտրելով «Բարեւ, Երեւան» դաշինքը, մեզ հնարավորություն կտաք վերակառուցել մայրաքաղաքը ղեկավարելու կառուցվածքը։ Եկեք մայիսի 5-ին միասին ասենք «Բարեւ, Երեւան»,- նշել է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով, վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երեւանի երեք քաղաքապետ է փոխել, որոնք «հավատարիմ կերպով ծառայել են» մի խումբ մարդկանց հարստանալուն ու ներքաղաքական շահերին: «Մինչդեռ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները քաղաքացիների շահերն են պաշտպանել, լինի դա կանաչապատ տարածքների, թե երեւանցիներին անհանգստացնող այլ խնդիր։ Դրան զուգահեռ, քաղաքային իշխանությունները հաջողությամբ կիրառել են «ատկատների» համակարգը, եւ դրա վկայությունն է, օրինակ, ասֆալտի որակը։ Դրա վկայությունն է, որ քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում միշտ հաղթում են միայն այն կազմակերպությունները, որոնց տերերը կամ ՀՀԿ-ից են կամ էլ նրանց մերձավոր շրջապատից»,-ասաց նա:
Մարտիրոսյանը հավաքվածներին խոստացավ նաեւ, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում նրանք անմիջապես կզգան տարբերությունը. «Մենք կվերականգնենք «Երեւանի մասին» օրենքով նախատեսված մեր իրավունքները, դուք անմիջապես կզգաք Երեւանի հին ու նոր իշխանությունների միջեւ տարբերությունը»։




























