Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Գուրգեն Արսենյանը «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում ասել է, թե համաձայն է ոստիկանապետ Վովա Գասպարյանի տեսակետի հետ, որ քայլելը, վազելը օգտակար են առողջության համար:
Թերթը հիշեցնում է, որ Ծիծեռնակաբերդում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ոստիկանները թույլ չէին տվել գնալ պաշտոնյաների ճանապարհով, իսկ նախօրեին ոստիկանապետ Վովա Գասպարյանը հայտարարել էր, թե ոստիկանները շատ ճիշտ են վարվել, եւ որ քայլելն օգտակար է առողջության համար:
Պարոն Արսենյան, ոստիկանապետը հայտարարություն արեց Ծիծեռնակաբերդում Գագիկ Ծառուկյանի միջադեպի հետ կապված՝ ասելով, որ ոստիկանները շատ ճիշտ են արել, եւ որ քայլելն օգտակար է առողջությանը։ Ո՞րն է Ձեր մեկնաբանությունը դրա վերաբերյալ։
Ինչի՞ վերաբերյալ, որ քայլելն օգտակար ա առողջությա՞նը։ Կիսում եմ նմանատիպ մոտեցումը, որովհետեւ քայլելը, վազելը, սպորտով զբաղվելը օգտակար է առողջությանը։
Այսինքն, Դուք համամիտ եք, որ ոստիկանները ճի՞շտ են արել փակելով Գագիկ Ծառուկյանի ճանապարհը։
Ոստիկանները Գագիկ Ծառուկյանի ճանապարհը չեն փակել։Նմանատիպ միջադեպ, որի մասին թմբկահարեցիք բոլոր լրատվամիջոցներով Եղեռնի օրը, համարում եմ, որ դա արդեն ծանծաղության դրսեւորում ա, մարդկային ծանծաղության...
Պարոն Արսենյան, նույն Գագիկ Ծառուկյանի խոսնակը՝ Իվետա Տոնոյանը, հայտարարություն էր տարածել, որ ոստիկանությունը պետք է պարզաբանում տա միջադեպի հետ կապված։
Ես իմ կարծիքն ասացի ընդհանրապես էդ միջադեպի հետ կապված եւ էդ օրվա խորհրդի հետ կապված։ Դա իմ անձնական տեսակետն ա, որը ես պնդում եմ։
Այսինքն, ոստիկաններն իրենց սխալ չե՞ն պահել։
Ոստիկանները գտնվում էին ոստիկանական գործառույթների շրջանակում, մենք էլ որպես մարդիկ, որ գնացել էինք ծաղիկ դնելու Եղեռնի զոհերի հուշահամալիրին, գտնվում էինք մեր գործառույթների շրջանակում։
Փաստորեն, այսօր Գագիկ Ծառուկյանը չի հանդիսանում այլեւս պաշտոնյա եւ նրա դեմ միջոցներ են կիրառվում։
Գագիկ Ծառուկյանը հանդիսանում է ԱԺ մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավարը։
Սակայն ոստիկանությունը, փաստորեն, տարանջատում է նրան մյուս պաշտոնյաներից։
Ոստիկանությանը ուղղեք ձեր հարցերը։ Եթե տարանջատման վերաբերյալ գրավոր կամ բանավոր հրահանգ կա, ցանկալի կլինի, որ ոստիկանությունն ասի դրա վերաբերյալ, թե ինչը ինչից է տարանջատում, երբ ու ոնց է նայում»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։




























