Եվրախորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի անդամներն ու մասնակիցները, որոնք ապրիլի 26-ին այցելել են Լեռնային Ղարաբաղ, ԼՂ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Գուլյանի հետ հանդիպումից հետո հանդիպել են պատգամավորների հետ եւ պաշտոնական հայտարարությամբ դիմել են նրանց:
ԵՄ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար դոկտոր Էլենի Տեոխարուսը հայտարարել է. «Աշխարհում յուրաքանչյուր մարդ ունի իր հայրենիքը, ոմանք, ինչպես ես, երկուսն ունեն` մեկը`Հունաստանն է, մյուսը` Արցախը: Երբեք չէի հավատա, որ 25 տարի առաջ, երբ եկա այստեղ, մի օր կվերադառնամ` որպես Եվրախորհրդարանի անդամ եւ կդիմեմ ձեզ, Արցախի խիզախ ժողովուրդ, ձեր իսկ խորհրդարանում: Արցախը բարգավաճող ժողովրդավարություն է, պետություն, որտեղ ապրում են համարձակ եւ հիանալի մարդիկ, որոնք հավատում են ազատությանը եւ ապացուցել են դա ամբողջ աշխարհին: Արցախի ժողովուրդն ապացուցել է, որ աշխարհի յուրաքանչյուր ազատ մարդ Ստեփանակերտի քաղաքացի է:
Արցախը պատերազմում թափված արյամբ եւ զոհերով կառուցված ազատության փարոս է: Մարդիկ կատարել են ինքնորոշման եւ ազատության հետ կապված իրենց պարտականությունը, եւ նրանց հաջողվել է արժեքային համակարգ ստեղծել` հիմնված արեւմտյան քաղաքակրթության սկզբունքների վրա: Մենք որպես Եվրոխորհրդարանի եւ եվրոպական ազգային խորհրդարանների անդամներ`պետք է միասին աշխատենք այն ուղղությամբ, որ պատմությունն այլեւս չկրկնվի, եւ ազատ ու հպարտ պահպանենք Արցախը, որպեսզի նրա ժողովուրդը կարողանա ազատության եւ բարգավաճման մեջ ապրել»:
Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Վալերի Բուայեն եւս ելույթ է ունեցել խորհրդարանում եւ հայտարարել է, «ես ոչ հույն են, ոչ հայ, բայց ծնունդով Հայաստանի երկրորդ մայրաքաղաք Մարսելից եմ: Որպես Հայաստանի բարեկամներ` մեր պարտավորությունն է ամբողջ աշխարհին տեղեկացնել Արցախի մասին: Արցախը հիմնված է ազատության, ժողովրդավարության եւ ինքնորոշման սկզբունքների վրա, եւ աշխարհը պետք է տեսնի, թե ինպես են այդ սկզբունքներն արտացոլվում այստեղի հասարակության վրա: Մենք պետք է աշխատենք բոլոր հարթակների վրա` քաղաքական, սոցիալական, մշակութային, որպեսզի աջակցենք այս գործին, եւ որ Արցախն ու իր ժողովուրդն արդարության եւ արժանի ճանաչման հասնեն, կարողանան ապրել ազատ ու երջանիկ»:




























