Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին Փարիզում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի վարչական խորհրդի անդամների հետ՝ կազմակերպության տնօրեն Պետրոս Թերզյանի գլխավորությամբ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են Արցախում հիմնադրամի խողովակներով իրականացվող տարբեր ծրագրերի հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների եւ շրջանների զարգացմանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղին` Արցախին մշտապես սատարելու համար:




























