Գյումրիում արտակարգ ռեժիմով հսկողություն է իրականացվում` քրեական նոր սկանդալները կանխելու նպատակով: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այսօր Գյումրի են այցելել ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ինչպես նաեւ պարեկային ծառայության լրացուցիչ ուժեր`ճանապարհային ոստիկանության, քրեական հետախուզության ներկայացուցիչներ: Այնտեղ են նաեւ ոստիկանության «հրեշտակներ» ստորաբաժանման աշխատակիցները:

Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ Գյումրիում առաջիկա մեկ ամսում ամեն օր այցելելու են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ: Պարբերաբար այցելելու է նաեւ Գասպարյանը: Թերեւս այսպիսով Գասպարյանը փորձում է հսկողության տակ պահել Գյումրի քաղաքը: Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը այցերի մասին տեղեկություններ չտրամադրեց` դրանք համարելով աշխատանքային սովորական գործընթացներ:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Գործով ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Վահե Ղուկասյանը, ով կրակել էր Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանի («Շեկո») վրա, իսկ նախկին քաղաքապետի մյուս եղբորորդին` Նիկոլայ Ղուկասյանը, Բագրատաշեն սահմանակետից բերման էր ենթարկվել, ապա` ազատ արձակվել:  Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: