ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն է տարածել` անդրադառնալով ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցներին: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Այս ապրիլի 23-ին Գյումրիում կատարվեց մի դեպք, որը որակվեց եւ պատմության մեջ կմնա որպես աղմկոտ սպանություն: Ապրիլի 23-ին, օրը ցերեկով, քաղաքացիների աչքի առաջ, 10 տարեկան աղջիկ երեխայի կողքին կանգնած, մինչեւ օրս մեզ համար անհայտ մեկի կողմից հրազենային ծանր վնասվածք ստացավ հայրը՝ 3 անչափահաս երեխաների հայր Հարություն Խաչատրյանը: Ապրիլի 23-ին, օրը ցերեկով, 10 տարեկան աղջիկ երեխայի աչքի առաջ սպանվեց 2 անչափահաս երեխաների հայր Արտյոմ Կարապետյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ծանր վիրավորվածը՝ Հարություն Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մտերիմ բարեկամն ու ընտանիքի քավորն է, սպանվածը՝ Արտյոմ Կարապետյանը, Մարտուն Գրիգորյանի մերձավոր շրջապատի ու թիմի լավագույն ընկերը: Մեկ վիրավոր, մեկ զոհ, մեկ անչափահաս՝ կալանքի տակ: Թվում էր, թե հաշվի կառնվի այն անհերքելի իրողությունը, որ ակնհայտ է տուժող կողմը, որ նրան աննախադեպ ծանր հարված է հասցվել, մինչդեռ, հետեւելով լրատվությանը, պարզեցինք, որ ոմանք նյութական շահը գերադասում են ճշմարտությունից, արդարությունից, պատվասիրությունից, համընդհանուր բարոյական օրենքներից: Շատ արագ պարզեցինք, որ այդ ամենի մեղավորը, որոշ լրատվամիջոցների գնահատմամբ, ինչպես միշտ Մարտուն Գրիգորյանն է: Ու դեռ ոմանց գնահատմամբ Մարտուն Գրիգորյանի կողմնակիցներին չեն պատժում: Ուզածներդ ի՞նչ է, մի փամփուշտ էլ երեխային կպներ, որ սրտներդ հովանա՞ր, որ զսպվեի՞ք: Թվում էր, թե իրերը կկոչեն իրենց անուններով, որոշ «հեղինակներ» զերծ կմնան անհարկի որակումներից, բամբասանքից, հնացած, ստահոդ, հոգնեցնող պատմական էքսկուրսներից: Կամ գոնե կտարբերվեին նախընտրական շրջանին հարիր պահվածքից: Բայց պարզվեց, որ իզուր էր թվում»:
Հայտարարության մեջ անդրադարձ կա նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` Գյումրիում հնչեցրած խոսքերին` «դուք պատգամավոր եք, թե գողական, արա»: «Կամ այդ ով է հասկացել, որ ոստիկանապետի հիշատակած պատգամավորը Մարտուն Գրիգորյանն է: Միանգամից ասենք, որ այդ պատգամավորը Մարտուն Գրիգորյանը չէ, որովհետեւ որեւէ անգամ, որեւէ առիթով Մարտուն Գրիգորյանը ոչ ոստիկանապետին, ոչ էլ տեղակալին չի դիմել, չի զանգահարել, քանի որ մոտիկից իրար չեն էլ ճանաչել: Ոստիկանապետը, ճիշտ է, մեկնաբանություններ էր տալիս ապրիլի 23-ի դեպքի կապակցությամբ, բայց նրա խոսքը ուղղված իրենց զանգահարած պատգամավորին,Մարտուն Գրիգորյանի հետ չէր առնչվում»:
Մեկնաբանելով Մարտուն Գրիգորյանի եւ Գյումրիի նախկին քաղաքապետի թշնամության մասին խոսակցությունները` գրասենյակից հայտնում են, որ 2008թ-ից սկսած, երբ այս երկու անձինք պայքարում էին քաղաքապետի պաշտոնի համար, պատգամավորը բոլոր առիթներն օգտագործել է ասելու համար, որ ընտրապայքարը չպետք է թշնամանք սերմանի, որ նախկին քաղաքապետի հետ չհասկացվածությունը չունի այլ հիմքեր, քան 2008թ-ի ընտրապայքարը: «Մարդը չի հաշտվում այն մտքի հետ, որ քաղաքապետի ընտրություններում 2008թ-ին առաջադրվել են իր դեմ, 2012թ-ի ԱԺ ընտրություններում հաղթել են հենց իրեն, եւ այդպիսով է սկիզբ դրվել իր անկմանը քաղաքական դաշտում: Չի կարողանում հաշտվել իրականության հետ, ու արվում է այն, ինչ տեսանելի է ու հասկանալի: Խեղդվող մարդն իր հետ մարդ է ուզում տանել»:
Ինչ վերաբերում է վենդետային, մարզի դատախազի եւ Մարտուն Գրիգորյանի հոր համատեղ բիզնեսին, ապա գրասենյակից հայտնեցին, որ «անհեթեթություններ են, պատվիրված, հասկանալի է, թե ո՞ւմ կողմից, թե ո՞վ է ունակ նման բանսարկությունների»:




























