Ապրիլի 27-ին Ուլան Բատորում իր աշխատանքն սկսեց  Ժողովրդավարությունների hամայնք 7-րդ նախարարական համաժողովը, որին մասնակցեց ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե համաժողովին ընդհանուր առմամբ մասնակցեցին ավելի քան 300 պատվիրակ շուրջ 100 երկրներից:

Լիագումար նիստի բացումը կատարեց Մոնղոլիայի վարչապետ Նորովին Ալթանհույագը, ելույթ ունեցավ նաեւ Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար տիկին Մարիա Լեյսները: Այնուհետեւ աշխատանքները շարունակվեցին առանձին պանելներում:

ՀՀ փոխարտգործնախարարը մասնակցեց խորհրդարաններին ու քաղաքացիական հասարակությանը նվիրված պանելների աշխատանքներին:

Ապրիլի  28-ին փոխնախարար Մանասարյանը հանդիպում ունեցավ Մոնղոլիայի ԱԳ փոխնախարար` Դ.Գանհույագի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի հնարավոր ընդլայնմանը:

Տեղեկանք: Ժողովրդավարությունների համայնքը ժողովրդավարական պետությունների միջկառավարական կոալիցիա է, որի նպատակը  աշխարհում ժողովրդավարական արժեքների ու ինստիտուտների տարածումն է: Այն նախաձեռնվել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի եւ Լեհաստանի նախկին արտգործնախարար Բրոնիսլավ Ժերեմեկի կողմից 2000թ. հունիսին: