Վրացի իրավապահները ձերբակալել են Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի գյուղապետ Պողոս Վարդանյանին: Akhaltskha.net-ի փոխանցմամբ, ձերբակալված գյուղապետը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ:
Ախալցխայի գամգեբելիի (շրջանի ղեկավար) պաշտոնակատար Բեսիկ Բլիաձեի խոսքերով` նա ձերբակալության մասին տեղեկացել է ապրիլի 26-ին, երբ իր հետ կապվել են ֆինանսների ոստիկանությունից: Ինչ վերաբերվում է ձերբակալվածին, ապա Բեսիկ Բլիաձեն ամիս ու կես է ինչ ճանաչում է նրան, երբ նշանակվել է գամգեբելի: Բլիաձեի խոսքերով` Պողոս Վարդանյանը իր աշխատանքը եւ պարտականությունները լավ է կատարել:
Նման ձերբակալություն էր եղել նաեւ ապրիլի 17-ին: Կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էր Ադիգենի շրջանի Գոռգուլի գյուղի գյուղապետ Զուրաբ Տաբիձեն:




























