Հայ-թուրքական «խայտառակ» արձանագրությունները պետք է դուրս գան օրակարգից: Նման հայտարարությամբ այսօր՝ ապրիլի 29-ին հանդես եկավ ՀՀ Ազգային Ժողովում «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա կոչ արեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ քայլեր կատարել այդ արձանագրությւոնները օրակարգից հանելու համար:

Ի պատասխան՝ Հ. Աբրահամյանը հայտարարեց, որ արձանագրությունները օրակարգից հանել-չհանելը ԱԺ նախագահի լիազորություններից դուրս է:

«Լինելով քաղաքական գործիչ՝ ներկայացնելով ԱԺ նախագահի պաշտոնը, ունեք լծակներ պայքարելու, որ այդ արձանագրությունները դուրս գան օրակարգից: Պետք է նախանձախնդիր լինեք, որ նման խայտառակություն չգա ԱԺ, իսկ եթե գալիս է՝ կազմակերպեք ցույցեր, բողոքի ակցիաներ, եթե ուրիշ լծակներ չեք կարողանում օգտագործել»,- ասաց Զ. Փոստանջյանը:

Հ. Աբրահամյանն ասաց, որ համաձայն չէ այն գնահատականի հետ, որ հայ-թուրքական արձանագրությունները խայտառակ են: «Եթե արձանագրություններն իրավական տեսք ստանային եւ վավերացվեին երկու երկրների կողմից, մեծ հնարավորություն կլիներ զարգացնելու տնտեսությունը: Դա կապ չունի Ցեղասպանության, այլ քաղաքական գործընթացների հետ, առանց որեւէ նախապայմանի պետք է բացվեին սահմանները, որը ճիշտ էր եւ մեծ զարկ կտար ՀՀ տնտեսության զարգացմանը»,-ասել է նա: