Հարավային Կովկասն, ինչպես երբեք միջազգային հանրության աջակցության կարիքն ունի, քանի որ հակամարտությունների լուծումների հեռանկարներ դեռ չկան եւ մինչեւ հիմա էլ դրանց վերսկսման վտանգ կա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ՆԱՏՕ-ի Rose-Roth Խորհրդարանական Ժողովի 83-րդ սեմինարի ժամանակ, որը բացվել է ապրիլի 29-ին Թբիլիսիում եւ կշարունակվի մինչեւ մայիսի 1-ը:
«Ցավոք սրտի, մեր տարածաշրջանում դեռ հակամարտությունների վտանգ կա: Տարածաշրջանը հետխորհրդային անցումային գործընթացում գտնվող ամենաբարդ տարածքներից մեկն է համարվում: Այս փոքրիկ տարածքում երկու միջազգային եւ երեք տարածաշրջանային հակամարտություն կա: Այսօր Հարավային Կովկասը միջազգային հանրության աջակցության կարիքը շատ ունի»,-հայտարարել է Իվանիշվիլին, հայտնում է«Նովոստի Գրուզիան»:
Ինչպես հայտնում է «Գրուզիա Online»-ը` Վրաստանի վարչապետը նշել է, որ Վրաստանի` ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելուն որոշակի գործընթացներ են խանգարում:
«Մենք ամբողջովին պատրաստ ենք ՆԱՏՕ-ի կազմ մտնելուն, սակայն որոշ գործընթացներ խանգարում են դրան, մասնավորապես, մեր տարածքների մի մասն օկուպացված է, սակայն, կարծում եմ, մոտակա ժամանակաշրջանում մեր ակտիվության եւ այդ ռազմավարության շարունակման շնորհիվ` Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ երկիր»,-հայտարարել է Իվանիշվիլին:
Courtyard Marriott հյուրանոցում անցկացվող սեմինարի թեման է «Հարավային Կովկասը, աշխարհաքաղաքականությունը, եվրաինտեգրացիան եւ ներքին մարտահրավերները»: Սեմինարն անցկացվում է Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ:




























