Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, ապրիլի 26-28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում տեղի է ունեցել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը: Այն կազմակերպվել էր ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության եւ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից:

Օլիմպիադայի հանձնաժողովին` նախագահությամբ ՔԴԿ տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի, անդամակցում էին ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտի, ՔԴԿ, Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի մասնագետներ եւ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչներ:

2012-2013 ուսումնական տարում օլիմպիադայի դպրոցական, տարածաշրջանային եւ մարզային փուլերը հաղթահարել են ու հանրապետական փուլ ներկայացել ՀՀ մարզերի եւ Երեւանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների շուրջ 106 աշակերտներ:

Օլիմպիադայի ավարտից հետո մասնակից աշակերտները Մայր Աթոռի միաբանների առաջնորդությամբ միասնաբար աղոթել են Մայր Տաճարում, այցելել Մայր Աթոռի թանգարաններ:

Արդյունքներն ամփոփվել են ապրիլի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տանը տեղի ունեցած մրցանակաբաշխության հանդիսավոր միջոցառման ընթացքում: Մրցանակները բաշխվել են համապատասխանաբար 1-ին կարգ` 4 աշակերտ, 2-րդ կարգ` 8 աշակերտ, 3-րդ կարգ` 16 աշակերտներ, իսկ գովասանագրերի արժանացան` 26 աշակերտներ: Առաջին կարգի մրցանակի են արժանացել Գոռ Գալստյանը («Ֆոտոն» վարժարան, Շիրակի մարզ), Լուիզա Սարաֆյանը (Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց, Շիրակի մարզ), Տաթեւիկ Սարգսյանը (Մեղրաձորի միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզ) եւ Դավիթ Գրիգորյանը (Խնձորեսկի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզ):