Մոսկվայի քաղաքային դատարանն, այսօր՝ ապրիլի 29-ին, «Ձախ Ճակատ»-ի համակարգող, Ռուսաստանում զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրվող Սերգեյ Ուդալցովի տնային կալանքի երկարացումն օրինական է ճանաչել: Այդպիսով, դատարանը մերժել է նրա պաշտպանի ներկայացրած վճռաբեկ բողոքը:

«Ձախ Ճակատ»-ի առաջնորդի փաստաբան Վիոլետա Վոլկովան, որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի փոխարեն, առաջարկել է կիրառել քաղաքից չբացակալելու ստորագրությունը կամ գրավի դիմաց ազատ արձակումը: Ընդ որում, նա պատրաստ էր իր հաճախորդի համար մեկ միլիոն ռուբլի գրավ վճարել, գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն:

Ինքն` ընդդիմադիր գործիչը, դատարանում հայտարարել է, որ իր տնային կալանքն իրավական դիրքորոշում չէ, այլ հետաքննության քմահաճույք: Նրա խոսքով, նա անմեղ է եւ ոչ մի վտանգ չի ներկայացնում հետաքննության համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Մոսկվայի Բասմանի դատարանը Ուդալցովի նկատմամբ տնային կալանքի որոշում էր կայացրել: Ապրիլի 1-ին Սերգեյ Ուդալցովի տնային կալանքը երկարաձգել են: Ընդդիմադիրը տանը կմնա մինչեւ օգոստոսի 6-ը:

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ձախ Ճակատ»-ի համակարգող Սերգեյ Ուդալցովի, նրա օգնական Կոնստանտին Լեբեդեւի եւ ընդդիմադիր Լեոնիդ Ռազվոզժաեւի դեմ՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» հոդվածով: Գործը հարուցվել էր «Ընդդիմության անատոմիա» ֆիլմում եղած փաստերը ստուգելուց հետո: Ֆիլմի բովանդակությունից հետեւում է, որ «Մոսկվայի Բանկ»-ի նախկին նախագահ Անդրեյ Բորոդինը պատրաստակամություն էր հայտնել մեծ գումարներ հատկացնել Ռուսաստանում ոչ համակարգային ընդդիմությանը: Միջնորդի դերում հանդես է եկել Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ղեկավար Գիվի Թարգամաձեն: