Ապրիլի 27-ին, «Տաթեւյան պրեմիերա» նախագծի շրջանակներում Տաթեւի վանքի տարածքում տեղի է ունեցել «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը:

«Տաթեւյան պրեմիերան» միջոցառումների շարք է, որն իրականացվում է «Տաթեւ» հիմնադրամի եւ «ՏաԹեւեր» ճոպանուղին կառավարող ընկերության կողմից Տաթեւի վանական համալիրի շրջակայքում գտնվող 6 գյուղերի (Տաթեւ, Հալիձոր, Խոտ, Տանձաթափ, Շինուհայր, Սվարանց) բնակիչների համար:

«Տաթեւյան պրեմիերայի» շրջանակներում վանական համալիրի եւ «Տաթեւի դարպասներ» տուրիստական գոտու շրջակայքում նախատեսվում է ցուցադրել Հայաստանում հայ կինոմատոգրաֆիստների գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմերը:  Հատուկ ծրագիր է նախատեսված Տաթեւի շուրջ գտնվող գյուղերի պատանի բնակիչների համար:

«Պանարմենիան Մեդիա Գրուպի» նկարահանած «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը «Տաթեւյան պրեմիերա» նախագծի շրջանակներում իրականացվող փորձնական կինոդիտումն էր:

Նշենք, որ 1921 թ. ապրիլի 27-ին Տաթեւի վանքում տեղի է ունեցել Համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որն անկախ Սյունիքը հռչակել է Լեռնահայաստան:

Տաթեւում կայացած միջոցառմանը ելույթ են ունեցել Հալիձորի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Գարեգին Հովակիմյանը, ֆիլմում Գարեգին Նժդեհի դերակատար Շանթ Հովհաննիսյան, երգի եւ պարի «Մարաթուկ» ազգագրական համույթը:

«Մեզ համար մեծ պատիվ է ներկայացնել ֆիլմն այստեղ, հենց այս պատմական օրը: Փորձել եմ առավելագույն կերպով տրվել դերիս ու մեծ պատասխանատվությամբ եմ կերտել մեծ հայի կերպարը: Անկեղծ եմ եղել ու զերծ մնացել պայմանականություններից», - ասել է Շանթ Հովհաննիսյանը:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել հյուրեր Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Սերբիայից, Ռուսաստանից: Միջոցառմանը ներկա էին նաեւ Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, «Տաթեւի վերածնունդ» նախագծի նախաձեռնողներից մեկը` գործարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը:

Նշենք, որ «Տաթեւի վերածնունդ» նախագիծը մեկնարկել է 2008 թ.-ին: Այն լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցության հիմքի վրա:

Նախագիծն ունի երեք բաղադրիչ.

- Վանական համալիրի վերականգնում, տեղանքի հոգեւոր եւ ակադեմիական ավանդույթների վերածնունդ:

- Աջակցություն տարածաշրջանի, շրջակա 6 գյուղական համայնքերի, գյուղական տուրիզմի զարգացմանը, տեղի բնակիչների ներգրավում տուրիզմի գործում:

-  «Տաթեւի դարպասներ» տուրիստական գոտու զարգացում եւ «Տաթեւեւր» ճոպանուղու շահագործում, որից ստացված ողջ հասույթը ուղղվում է «Տաթեւ» հիմնադրամին եւ նախատեսված է վանքի վերածննդի եւ տեղի համայնքների զարգացմանը:

«ՏաԹեւեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթեւի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹեւեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղի: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլեւ ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար: 

Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման եւ կառուցման առաջատար, շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերության կողմից: Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհը կազմում է 11 րոպե, արագությունը՝ 10 մ/վ, խցիկում ուղեւորների տարողությունը՝ 25 հոգի, ճոպանուղու ուղեւորների թողունակությունը ժամում կազմում է 200 հոգի: Հսկայական կրող հիմքերը բաժանում են ճանապարհը 4 հատվածի, վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ: