«Առաքելություն» կուսակցությունը չի ցանկանում նոր սերնդին նոր խնդիրներ թողնել, բայց ցանկանում է ապագայի քաղաք կառուցել բոլորի համար՝ ծնողների, երեխաների ու թոռների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Երեւանի ավագանու ընտրություններում «Առաքելության» համամասնական ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը՝ մեկնաբանելով իրենց կուսակցության մոտեցումը Երեւանի բնակֆոնդի անվտանգության վերաբերյալ:
Նրա խոսքով՝ ներկա պահին Երեւանի 4800 բազմաբնակարան շենքերից 1350-ը կառուցվել են ավելի քան 40 տարի առաջ, ընդ որում դրանցից շատերն ի սկզբանե կառուցվել են 20-30 տարի շահագործելու նպատակով: «Տարեցտարի բնակելի շենքերի անվտանգության խնդիրն ավելի արդիական է դառնում»,-ասել է Առաքելյանն ու հավելել, որ վերելակների վերանորոգումը, շենքերի ամրացումը անհրաժեշտ են, սակայն այդ լուծումները ժամանակավոր բնույթ են կրում:
«Ակնհայտ է, որ 10-20 տարի անց Երեւանի բնակֆոնդի մեծ մասը անպետք է լինելու շահագործման համար:
Հաշվի առնելով փաստը, որ մենք նոր սերնդի կուսակցություն ենք, հետեւաբար, մենք ընդգծում ենք այն խնդիրների լուծման կարեւորությունը, որոնք կարող են ծագել 10-20 տարի հետո»,-հավելել է նա:
Առաքելյանի ներկայացմամբ՝ արդեն այսօր անհրաժեշտ է բնակֆոնդի փոփոխության նախագիծ կազմել առաջիկա 20-30 տարվա համար, նրա իրականացման գրաֆիկը, եւ այդ պլանի համաձայն 1000-2000 բնակարաններ ձեռք բերել օտարման գոտու բնակիչների համար, որից հետո միայն օտարել մարդկանց իրենց տներից եւ նոր բնակելի շրջաններ կառուցել: «Բնակֆոնդի նման փոխարինումը քիչ ծախս է պահանջում եւ որոշ ժամանակ անց, կարող է հսկայական եկամուտներ բերել եւ որ ամենագլխավորն է, կարելի կլինի խուսափել ներկայումս առկա բնակֆոնդի հետ կապված խնդիրներին»,-ամփոփել է նա:



























