Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն անձամբ չի մասնակցում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, բայց ընտրություններում սեփական կուսակցության հաղթանակն ապահովելու ուղղությամբ աշխատանքներ է տանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Կովալենկո Շահգալդյանը:

Նա նշեց, որ ՀՀԿ-ն մասնակցում է Երեւանի ընտրություններին, իսկ իրենք էլ հնարավորությունների ներածին չափով օգնում են: Իսկ թե ինչով են օգնում, մարզպետը պարզաբանեց, որ Երեւանում ապրող բարեկամներին, ընկերներին հորդորում են նախապատվությունը տալ իրենց կուսակցությանը:

Կոտայքի մարզպետն ասաց, որ իրենց մարզը Երեւանում շտաբ չի բացել, «քանի որ մարզը մայրաքաղաքին կպած է, այդքան հեռու չէ, հետեւաբար` շտաբ բացելու անհրաժեշտություն չկա»: «Մեր շրջապատով, մեր գործընկերներով, ընկերներով փորձում ենք օգնել»,- ասաց նա:

Թե կոնկրետ ինչ աշխատանքներ են տանում, օրինակ` գալ մայրաքաղաք եւ ժողովներ անցկացնել, Կովալենկո Շահգալդյանը կարծիք հայտնեց, որ ընտրությունը ժողովով չի լինում: Նա արձակուրդ չի վերցրել, վստահեցրեց, որ քարոզչական աշխատանքներով զբաղվում է աշխատանքից հետո, անհրաժեշտություն էլ չի լինում գալ հասնել Երեւան: «Մենք աշխատում ենք միայն հեռախոսներով: Մեծ մասամբ, արդեն ինչ որ անելու էինք, արել ենք»,-ասաց նա:

Հարցին, թե մոտ 50 ձայն կապահովե՞ք, նա պատասխանեց` «շատ» եւ խորհուրդ տվեց սպասել մայիսի 6-ին, երբ արդյունքները հայտնի կդառնան: Նա հավելեց, որ որեւէ մեկին, այդ թվում` Տարոն Մարգարյանին, կոնկրետ ձայների քանակ չի խոստացել եւ ձայների հաշվարկ էլ չի անում: «Մենք բացատրում ենք, մեր կուսակցության առավելությունը բացահայտ ասում ենք: Ես համոզված եմ, որ ես ում ասել եմ, բոլորը Հանրապետական կուսակցությանն են ձայն տալու: Ազգականներ ունեմ, երկու երեխաներս են այդտեղ ապրում, եղբայրս, մորաքույրներ ունեմ, հորեղբոր տղաներ ունեմ, մեծ բարեկամություն ունեմ, համակուրսեցիներ, ընկերներ, դասարանցիներ, վերջապես` տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել, լավ շրջապատ ունեմ: Թվաբանություն մի արեք, ընտրությունը թվաբանություն չէ, համոզմունքներով է»,- ասաց Կովալենկո Շահգալդյանը: