Գելի սի՞րտ են կերել, ինչ է, որ Գյումրիի կլանները դուրս գան իրավապահ համակարգի դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը: Նրա խոսքով, ոստիկանության պրակտիկայում չի եղել մի դեպք, երբ որեւէ հանցագործ կլան իրավապահ մարմինների հետ` այն էլ ոստիկանության հետ բախում ունենա:

«Դա բացառվում է: Հիմա արդեն ամեն ինչ հանդարտված է: Անհանգստանալու ոչ մի բան չկա»,- հավատացրեց Կարեն Բաբակեխյանը:  Դիտարկմանը, թե կարելի է  ասել, որ կլաններն իրենց դիրքերը թուլացրել են, նա արձագանքեց. «Իրենք իրենցով չեն կարող թուլանալ` իրավապահներին են դրանց թուլացրել»:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ նախկինում չէին թուլացնում կլանների դիրքերը, Բաբակեխյանը պատասխանեց. «Վերջին դեպքերով իրենք իրենց վերջակետը դրեցին»:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Գործով կալանավորվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Վահե Ղուկասյանը, ով կրակել էր Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանի («Շեկո») վրա, իսկ նախկին քաղաքապետի մյուս եղբորորդին` Նիկոլայ Ղուկասյանը, Բագրատաշեն սահմանակետից բերման էր ենթարկվել, ապա` ազատ արձակվել:

Կալանավորվել է նաեւ «Քավոր Հարութի» որդին:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: