Պայմանագրային զինծառայող 32-ամյա Արկադի Չոբանյանն իրեն իրավունք է վերապահել անհիմն դիտողություն անել իրենից կոչումով բարձր, իր նկատմամբ պետ հանդիսացող մի խումբ սպաների, իսկ դիտողության արժանանալուց հետո ծալովի դանակով հարվածել շտաբի պետ մայոր Վրեժ Ղալեչյանին: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 32-ամյա Արկադի Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Հայաստանի ՊՆ N թիվ զորամասի ուսումնական կենտրոնի զորային հրաձգարանի պետ, պայմանագրային զինծառայող ուսումնական կենտրոնի ճաշարանում իրեն իրավունք է վերապահել անհիմն դիտողություն անել իրենից կոչումով բարձր, իր նկատմամբ պետ հանդիսացող մի խումբ սպաների, որոնցից ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 2-րդ գումարտակի շտաբի պետ մայոր Վրեժ Ղալեչյանի կողմից ծառայողական պարտականությունները կատարելու, իրեն կարգի հրավիրելու կապակցությամբ դիտողության արժանանալուց հետո վիճաբանել է վերջինիս հետ եւ քիչ անց ճաշարանի հարակից տարածքում բռնություն գործադրել նրա նկատմամբ` ծալովի դանակով հարվածել նրա որովայնի շրջանին` առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով (խուլիգանություն ,որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով):

Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: