Արմավիրի մարզի Բագարան գյուղի հարեւանությամբ գտնվող սահմանակից թուրքական Հալիկիշլակ գյուղից  սահմանը հատած Կարսի նահանգի 34-ամյա բնակչի Աբդուլվահաբ Մեհմեդ Սիդիքի Չաքանի գործն արդեն դատարանում է: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 34-ամյա  Աբդուլվահաբ Մեհմեդ Սիդիքի Չաքանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունվարի 8-ին Թուրքիայի Հանրապետության Կարսի նահանգի Դիգորի շրջանի Հալիկիշլակ գյուղից, որը սահմանամերձ է Հայաստանին, հասնելով հայ-թուրքական պետական սահման, անցնելով Ախուրյան գետը եւ հաղթահարելով ՀՀ պետական սահմանի ինժեներատեխնիկական արգելանքները, N զորամասի հսկողության տակ գտնվող թիվ 41/1 սահմանային նշանի տարածքով առանց պատշաճ թույլտվության ապօրինի հասել է ՀՀ պահպանվող պետական սահմանը: Նույնը օրը ժամը 12:35-ի սահմաններում նրան Արմավիրի մարզի Բագարան գյուղում հայտնաբերել են գյուղի բնակիչները, որոնք էլ ներկայացրել են նրան վերոնշյալ զորամաս:

Այսպիսով Աբդուլվահաբ Չաքան մեղադրվում է առանց սահմանված փաստաթղթերի եւ առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու մեջ, այսինքն հանցագործությունում` նախատեսված ՀՀ քր. օր-ի 329-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել ապրիլի 29-ին: Աջառիկայում կնշանկվի դատական քննությնա օրը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Բագարան գյուղի հարեւանությամբ գտնվող սահմանակից թուրքական Հալիկիշլակ գյուղից  սահմանը հատած Կարսի նահանգի 35-ամյա բնակչի նկատմամբ քրեական գործ է  հարուցվել: 

Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել 329 հոդվածի հատկանիշներով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի  Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Տեղեկացրել էինք նաեւ, որ հունվարի 8-ին ժամը 12-ի մոտակայքում  Արմավիրի մարզի Բագարան գյուղի հարեւանությամբ գտնվող սահմանակից թուրքական Հելիմջան գյուղից Վան քաղաքի բնակիչ է սահմանը հատել, ում Բագարանի բնակիչները ջերմ են ընդունել, նույնիսկ թեյ են հյուրասիրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր 35-ամյա թուրքին հյուրընկալած Բագարանի բնակիչ  53-ամյա Արթուր Սահակյանը: «Նույնիսկ օղի, ուտելիք առաջարկեցի, բայց հրաժարվեց: Նաեւ առաջարկեցի, որ հագուստը փոխի, քանի որ գետը անցնելուց թրջվել էր, բայց դա էլ չընդունեց: Թեյը խմեց, փեչի մոտ նստեց, տաքացավ»,- պատմել էր Արթուր Սահակյանը: Վերջինս նաեւ նշել էր, թե սահմանախախտը դժգոհ է իր երկրի իշխանություններից եւ ցանկանում էր մեկնել արտասահման: