Հալեպի Ալ-Սուլեյմանիա շրջանում 4 ականանետային արկերի պայթյունի հետեւանքով վիրավորվել է երկու հայ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Բերիո թեմի առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը: Նրա խոսքով, ստացած վնասվածքները չեն սպառնում տուժածների կյանքին: Ընդհանուր առմամբ վիրավորվել է 20 մարդ, պաշտոնական տվյալներով զոհվել են երկուսը:
Միեւնույն ժամանակ Սիրիայի երկնքում գնդակոծված ռուսաստանյան ինքնաթիռի իրավիճակը խճճվել է: «Ապրիլի 29-ին NordWind Airlines ընկերության A-320 ինքնաթիռը, որ իրականացնում էր Շարմ-էլ-Շեյխ-Կազան չվերթը, Սիրիայի երկնքով անցնելով ռազմական գործողություններ է արձանագրել»,- ասվում է ՌԴ Տրանսպորտի նախարարության կայքում:
Ըստ Մոսկվայի աղբյուրի, Սիրիայի ընդդիմության գրոհայինները «երկիր-երկինք» դասի երկու հրթիռ են արձակել, որոնք պայթել են օդանավի անմիջական մերձակայքում: Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Կազանում: Սիրիացի դիսպետչերները, մինչդեռ, պնդում են, որ գնդակոծման մասին որեւէ ահազանգ չեն ստացել:




























