Լատինամերիկյան գիտնականների եւ օնկոլոգների LACOG 2013 կոնֆերանսում հայտարարել են մահաբեր ուռուցքային հիվանդությունների համաճարակի մասին:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են բրիտանական The Lancet Oncology ամսագրում, ըստ որի Լատինական Ամերիկայում քաղցկեղով հիվանդության  22 դեպքից 13-ն ավարտվում է մահվամբ: ԱՄՆ-ում, օրինակ, 13 մահ է բաժին հասնում 37 դեպքի: Միաժամանակ, ըստ կանխատեսումների, 2030 թվականին Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում քաղցկեղով հիվանդ է 1,7 մլն մարդ եւ կմահանա նրանցից մոտ 1 մլն-ը:

Այսպիսով, Լատինական Ամերիկայում տարեկան քաղցկեղից կմահանա մեկ մլն մարդ: Այսօր աշխարհում քաղցկեղով հիվանդների 10 տոկոսը բնակվում են Լատինական Ամերիկայում, հաղորդւոմ է CNEWS.ru-ն:

Գիտնականները համարում են, որ բացասական վիճակագրությունը կապված է մի շարք պատճառների հետ: Նախ ուշ փուլում է հայտնաբերվում հիվանդությունը, երբ հիվանդին փրկել այլեւս հնարավոր չէ: Շատերի համար մատչելի չեն դիագնոստիկայի ժամանակակից տեխնոլոգիաները:

Լատինական Ամերիկային իսկական «օնկոլոգիական աղետ» է սպասվում, հատկապես եթե հաշվի առնենք, որ 2020 թվականին տարածաշրջանում ավելի քան 100 մլն մարդ 60 տարեկանից բարձր տարիք է ունենալու: