ԱՄՆ Այովա նահանգում դատարանը Henry’s Turkey Service թռչնամսի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը պարտավորեցրել է փոխհատուցում վճարել Աթալիսսա քաղաքում գտնվող գործարանի 32 վարձված աշխատողներին 240 մլն դոլարի չափով: Յուրաքանչյուր հայցվոր ստանալու է 5,5 մլն դոլար փոխհատուցում, եւս 2-ական մլն դոլար տուգանքից:

2009թ. ընկերության դեմ հայց էր ներկայացրել աշխատավայրում հավասարության պահպանման հանձնաժողովը, նույն տարում գործարանի գործունեությունը դադարեցվել էր:

Պարզվել էր, որ գրեթե 40 տարի աշխատողներին անխնա շահագործել են: Հոգեկան հիվանդների համար նշանակվել էր ժամում 41 սենթ աշխատավարձ, մինչդեռ Այովայում նվազագույն աշխատավարձը 7,25 դոլար է, գրում է Lenta.ru-ն:

Աշխատողներն ապրել են բարաքներում, որոնց առաստաղներից մշտապես կաթել է: Իսկ մի հայցվորի գիշերը կապել են մահճակալին:

Դատարանի վճիռն ավելի շուտ խորհրդանշական է, ընկերության ակտիվները կազմում են ընդամենը 4 մլն դոլար: