Ամերիկացի գիտնականներն ապացույցներ են գտել, որ առաջին անգլիացի նորաբնակներն Ամերիկայում 1609-1610 թվականներին մարդակեր են եղել։
Վաշինգթոնի բնական գիտության ազգային թանգարանի գիտնականներն ուսումնասիրել են անցյալ տարի Վիրջինիան նահանգի՝ հետագայում Ջեյմսթաուն դարձած Ջեյմս Ֆորտի տեղանքում պեղումների ժամանակ հայտնաբերված 14-ամյա աղջնակի կմախքը։
Աղջկա՝ 400-ամյա գանգի ու կմախքի վրա հայտնաբերվել են հարվածների, այդ թվում նաեւ՝ կացնի, հետքեր։ Այդ ամենը վկայում է, որ ինչ-որ մեկը փորձել է բացել գանգը՝ ուղեղը հանելու նպատակով։ Դրանից բացի, պոկված են եղել զոհի լեզուն ու դեմքի մաշկը։ «Կան միանգամայն հստակ ապացույցներ, որ մարմինը մասնատված է եղել, իսկ միսը՝ ոսկոներից պոկված», - հայտարարել է մարդաբան Դագ Օուսլին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հայտնի չէ, թե ինչպես է մահացել աղջիկը, սակայն մարդաբանները պնդում են, որ նրա մարմինն ամենայն հավանականությամբ մասնատվել է նրա մահից հետո։
Ջեյմս ֆորտի 300 բնակիչներից 1609-1610 թվականների սոված ձմեռը հաղթահարել է ընդամենը 60 մարդ։ Նորաբնակներին պաշարել են հնդկացիները։ Նրանց մթերային պաշարն ակնհայտորեն բավարար չի եղել ձմեռն անցկացնելու համար։ Գաղութարարները սկզբում կերել են ձիեր, ապա շներ ու կատուներ, հետո առնետներ, մկներ ու օձեր։ Ոմանք փորձել են նույնիսկ կաշվե կոշիկ ուտել։




























